Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով, հայտնում են կառավարության աշխատակազմից:

«Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը:

Ցավոք, կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ մեր հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչը անթույլատրելի և անընդունելի է, առավել ևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում«, — նշված է վարչապետի ուղերձում:

«Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը:

Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր», — ասված է ուղերձի մեջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։