«2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է:

Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բաթմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Պարզվել էր, որ 43-ամյա կնոջը՝ Մարինե Խ.-ին, և նրա 13-ամյա դստերը, նախնական վարկածով, խանդի հողի վրա դաժանորեն ծեծի էր ենթարկել Դավիթ Պողոսյանը, որը երեք անգամ ազատազրկման է դատապարտված եղել: Ծեծի հետևանքով 43-ամյա Մարինեն տեղում մահացել էր, իսկ ահա 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում և ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:

Ասել է թե՝ կենաց պայքար է մղում: Այս իրավիճակին զուգահեռ մտահոգիչ է նաև ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Մասնավորապես, 2017 թ.՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017 թվականի 458-ի դիմաց:

2019 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: Ասել է թե՝ ամեն տարի 100 դեպքով ավելացել են ընտանեկան բռնությունները: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք պե՞տք է ընդունվեն այդ օրենքները, այդքան ջանք, էներգիա, գումարներ ծախսվեն, եթե կատարված աշխատանքը արդյունք չունի, և իրավիճակը չի փոխվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: