Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժան ծեծի ենթարկված 12-ամյա աղջնակը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին։

Նշենք, որ երեխային այցելողներ դեռ չեն եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա երիտասարդը դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել էր և նրա դստերը։ Հանցագործը նույն օրը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: Ըստ լուրերի 28-ամյա սադիստը 43-ամյա սպանված կնոջ զուգընկերն էր։

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

Երեխայի և ընտանիքի մասին տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը դիմել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանին՝ պարզելու, թե որքանով է համապատասխանում իրականությանը սոցիալական ցանցում տարածված այն  տեղեկությունը, որ  երեխան եղել է Գյումրիի խնամքի կենտրոններից մեկում, իսկ  Կառավարության որոշմամբ  կենտրոնի փակվելուց հետո  երեխան վերադարձել է անբարենպաստ ընտանիք:

Արաքս Կիրակոսյանը հերքեց երեխայի՝ խնամքի կենտրոնում գտնվելու մասին լուրը:

«Երեխան հանրակրթական դպրոցի սան է եղել մինչև հիվանդանոցում հայտնվելը: Նա որևէ խնամքի հաստատության սան չի եղել:  Ապրել է իր մայրիկի հետ, որևէ կերպ մեր տեսադաշտում չի հայտնվել՝ որպես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա»,- ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակիցը: