Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: 

ՀՀ ոստիկանությունից ասացին, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ. հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմնին:

13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն ասաց, տուժածը՝ մոտ 12-13 տարեկան աղջիկ երեխան, բութ գործիքներից հասցված ծանր վնասվածքներ ունի: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ կա: Սերոբյանն այլ հարցերի չպատասխանեց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ու մայրը ծեծված են եղել: Ծեծի հետեւանքով էլ մահացել է երեխայի 43-ամյա մայրը:

Նշենք, որ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ոստիկանությունը հայտնում է, որ հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: 
Քննությունը շարունակվում է: