«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ վատ է գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները։

«Բոլորս էլ գիտենք, որ ամբողջ աշխարհում տարածվում է, ընդլայնվում է: Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին եւ դեղատներին, որ անպայման ապահովեն գրիպի վիրուսի դեմ եւ մասկաների հարցը: Էսօր մեկ ամիս հետո եկել, չոքել ա մեր դուռը, տեսնում ես՝ մասկաներ չկա, դեղորայք չկա: Չհասկացա, ապտեկայի տերը, հիվանդանոցի տերը պարտավոր էր, մեկ ամիս առջ պետք է հանձնարարություն տար պարտադիր, որ որտեղից ուզում է, թող բերեր, ապահովեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինքն անձամբ փորձել է դեղատնից դիմակ առնել, ու չի՞ ճարել, վերջինս պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում: Եթե մարդիկ լավ առաջարկներ են անում, պետք է բարի լինեն դրանք կատարելու, ոչ թե արդարանալու: Արդարանում են միայն թույլ մարդիկ»:

Նա նաև ասաց՝ լավ է, որ Իրանից մեր հայրենակիցները գալիս են, բայց պետք էր նրանց 2 շաբաթ առանձնացնել, քանի որ կորոնավիրուսի բացահայտման շրջանը 2 շաբաթ է:

«Պատկերացրեք, մարդը գալիս է, իսկ տանը երեխաներ կան, ծնողներ կան, քույր ու եղբայր կան, ո՞նց կարելի էր այդպես անել: Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»,- նկատեց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են գտնվում 32 անձինք, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ, Ծառուկյանն ասաց, որ այդ որոշմանը ևւս վատ է վերաբերվում. «Գնացեք Ծաղկաձոր, բոլոր տուրիստական ընկերությունները, մարդիկ արդեն տոմսերը վերցրել էին, հյուրանոցները «բրանիրավատ» էին արել, ու հենց նույն պահին, երբ ասել են, որ մարդկանց տարել են Ծաղկաձորի գլխին դրել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, եղածներն էլ թողեցին գնացին:  Հիմա ամբողջը դատարկ է»:

Դիտարկմանը, թե վարչապետը գնացել է Ծաղկաձոր, այնտեղ աշխուժություն է տիրում, Ծառուկյանն ասաց, որ հենց հիմա էլ կարելի է գնալ ու տեսնել, որ լրիվ դատարկ է։