Հումորիստ Գրիգի երկրպագուների համար գաղտնիք չէ, թե իր «սթենդ ափ»-երում նա որքան մեծ տեղ է հատկացնում կանանց ու աղջիկներին։ Հումորիստը չի շրջանցել Մարտի 8-ի տոնը, որի մասին այս անգամ ոչ թե խոսելու է, այլ երգելու։  Նախորդ տարեվերջին առաջին անգամ երգով ու տեսահոլովակով հետևորդներին ներկայանալուց հետո նա որոշել է տոնական տրամադրությամբ ևս մի տեսահոլովակ նկարահանել։

Tert.am Life-ը ներկա է գտնվել Գրիգի տեսահոլովակի նկարահանմանը և ներկայացնում է backstage-ի հետաքրքիր դրվագները։  

«Մարտի 8» երգը ստեղծվել է ընդամենը մի քանի օրում, Գրիգն այն իրականացնրել է «Տոն ա արա»-ի նույն թիմի հետ։  «Ayy Macarena հայտնի երգի Tyga-ի տարբերակն ենք վերցրել։ Տեսահոլովակի ռեժիսորը Վահան Եփրեմյանն է, օպերատորը՝ Աբրահամ Մեղրիկյանը, բառերը գրել եննք ես, Վանը ու Արմեն Սարգսյանը, խորիոգրաֆը Սոնան է։ Այն, որ Սոնան չի ներկայանում իմ տեսահոլովակներում, պատահական դարձավ ավանդույթ, բայց, հուսով եմ, շուտով այդ ավանդույթը կխախտենք»,-ասաց հումորիստը։

Գրիգը նշեց, որ հումորային նման կատարում ներկայացնելու գաղափարը շատ արագ է ծնվել, նույնքան արագ էլ փորձել են այն իրականություն դարձել։ «Մոտ երկու օրվա պատմություն է՝ մտքից մինչև տեսահոլովակի նկարահանման ավարտ։ Քանի որ «Տոն ա արա»-ն շատ սիրվեց, որոշեցինք նոր տարբերակ անել ու նվիրել կանանց միամսյակին։ Ինչ-որ առումով շատ մոտ է ստացվել «սթենդ ափ»-ի, որովհետև տեքստում այս դաժան ծախսերի հետ կապված տղամարդկանց բողոքն է։ Իհարկե, շատ սիրուն տոն է, բայց տղաների համար շատ ծախսատար է։) Այս երգը կարծես տղաների սրտից լինի»,-ասաց Գրիգը և հավելեց, որ Հայաստանի տարբեր քաղաքներով «Վայ Գրիգ, Գրիգ» «սթենդ ափ»-ի շրջագայությունն էսկսում, այս երգը կլինի այդ շրջագայությունն ուղեկցող, հետաքրքիր կատարում:

Հումորիստի կինը՝  պարուհի Սոնա Եսայանը,  աշխատանքի բերումով Մարտի 8-ին Ավստրալիայում է լինելու։  Գրիգը կատակեց, որ ծախսերը բավականին կքչանան․ «Եթե լուրջ, Մարտի 8-ը սիրում ենք, միշտ նշում ենք։ Այս տարի էլ Սոնան ամսի 10-ին կլինի Հայաստանում: Եթե ժամանակ ունենանք ,անպայման կնշենք։ Այնպես որ, ծախսը ոչ թե քչացել է, այլ տեղափոխվել է մարտի 10»։