Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանն այս օրերին Եգիպտոսում է։ Իրինան ընկերուհու հետ որոշել է փախչել երևանյան ցրտից ու վայելել ամառային հանգիստը Կարմիր ծովի ափին։

Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է ծովափնյա օրերի մասին և տրամադրել հանգստի լուսանկարները։

«Առաջին անգամ եմ Եգիպտոսում, եկել ենք ընկերուհուս ծնունդն այստեղ նշելու,- ասաց նա ու հավելեց, որ շատ լավ ժամանակ են անցկացնում։ -Ամեն ինչ սպասվածից շատ ավելի լավ է անցնում։ Երկար էինք սպասել հենց այս հանգստին, ամեն ինչ անում ենք այն շատ ուրախ ու տպավորիչ անցկացնելու համար»։

Դերասանուհին ասաց, որ նախընտրում է ակտիվ հանգիստ ունենալ, թեև ցանկության դեպքում ակտիվ հանգստի մեջ էլ կարելի է պասիվություն գտնել։ Կարմիր ծովում սուզվել ու ստորջրյա աշխարհին ծանոթանալ Իրինան չի շտապում։ Նրա խոսքով՝ լողալ գիտի, բայց սուզվել վախենում է։

«Ահավոր շատ եմ սիրում ծով, ջուր, բայց և վախենում եմ։ Դայվինգ չեմ անի,- ասաց նա ու հավելեց, որ փոխարենը փորձում է մի լավ արևայրուք ընդունել։ -Խելագարվում եմ թխամաշկ մարդկանց համար։ «Տառապում» եմ հավասար արևայրուքի համար։) Միշտ ցանկացել եմ ունենալ մուգ մաշկ ու մուգ աչքեր»։

Իրինան նկատեց, որ եգիպտացիները հաճելիորեն զարմացրել են իրեն։ «Ինձ համար բացահայտեցի, որ եգիպտացիներն այնքան վախենալու չեն, որքան նրանց ներկայացնում են։ Հակառակը՝ շատ ընկերասեր են, բարի և հոգատար»,- նկատեց նա։

Երիտասարդ դերասանուհին շատ ճամփորդելու առիթներ չի ունեցել, բայց որոշել է այսուհետև ավելի հաճախ ճամփորդել։ Ըստ Իրինայի՝ աշխատանքն իրեն թույլ է տալիս ինքնուրույն հոգալ ճանապարհորդությունների ֆինանսական կողմը։

«Ինձ երբեք թույլ չեմ տա ընտանիքիս անդամներից հանգստի համար գումար վերցնել։ Ես կարողանում եմ հոգալ այդ ծախսերը»,- ասաց նա։