«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանը երեկ տոնել է 20-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրվա ընթացքում իրեն բազմաթիվ անակնկալներ են մատուցել, սակայն առաջինը եղել են քույրն ու ընկերուհին, ովքեր կեսգիշերին զարդարել են իր սենյակը:

Ըստ Հայկուհու՝ այս տարի մեծ խնջույք չի նախաձեռնել, սակայն տարեդարձի 2 խնջույք է կազմակերպել, առաջինը երեկ էր, երկրորդը՝ այսօր:

«Ամեն  տարի մեծ շուքով եմ նշել ծնունդս, երկար նախապատրաստվել եմ: Այս տարի զգացողությունս այլ էր: Մեծ շուքով ծնունդս նշելու ցանկություն չունեի, ցանկանում էի  ավելի ընտանեկան, մտերմիկ շրջապատում նշել ծնունդս: Երևի, տարեցտարի հասունանում ես, դա է պատճառը: Երեկվա խնջույքը կազմկակերպել էին քույրս և ընկերներս: Ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ: Այսօրվա խնջույքին ևս ներկա են լինելու ամենամտերիմ մարդիկ: Շատ հյուրեր չեմ ունենալու»,- ասաց նա:

Ըստ Հայկուհու՝ այս տարիքը շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. «Ամեն ինչի հանդեպ ավելի պատասխանատու եմ դառնալու: Առաջ էլ էի պատասխանատու, բայց այս տարիքը մի քիչ այլ է»:

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակրի խոսքով՝ այս տարի իրեն շատ անակնկալներ են մատուցել, այդ թվում՝ անանուն:

«Անակնկալներ շատ են եղել թե՛ ընտանիքիս անդամների, թե՛ ընկերներիս, թե՛ անծանոթների կողմից: Անանուն անակնկալները շատ էին: Այնպիսի մեծ ծաղկեփունջ էին ուղարկել, որ մեր տուն չէր մտնում, այդպես էլ թողեցի դրսում: Անանուն նվերները չեմ ընդունել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրանք մատուցողներին»,- ասաց նա ու հավելեց, որ 20-ամյակի կապակցությամբ արժեքավոր նվերներ շատ է ստացել: