Ամուսնությունից ի վեր երգիչ Արամեն առաջին անգամ Ամանորը դիմավորել է տանը՝ համալրված ընտանիքի հետ, քանի որ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, լույս աշխարհ եկավ նրա և Աննա Թովմասյանի երկրորդ երեխան: Տղան շատ սպասված էր նրանց ընտանիքում:

Աննան Tert.am Life-ին պատմել է որդու ծննդից հետո իր զգացողությունների, ինչպես նաև ամուսնու և դստեր հետ փոքրիկի հանդիպման մասին:

«Մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է: Առօրյաս լիովին հագեցած է երեխաների խնամքով: Երեխաների սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններ դեռևս չեմ զգում: Գուցե պատճառն այն է, որ Մարատը դեռ շատ փոքր է: Առաջին հանդիպումս իր հետ շատ զգացմունքային էր, բայց այս անգամ ավելի հանգիստ ու փորձառու էի»,- ասաց մայրիկը:

Անդրադառնալով Արամեի և որդու հանդիպմանը՝ Աննան նկատեց, որ այն շատ հուզիչ էր. «Ես իր մեջ հուզմունք տեսել եմ թե՛ Աննա Մարիայի, թե՛ Մարատի հետ հանդիպման ժամանակ: Աննա Մարիան մեր առաջին երեխան էր, մենք շատ էինք սպասում իրենք, երկրորդ դեպքում Արամեի վաղեմի երազանքն էր տղա ունենալ: Իսկապես շատ հուզիչ էր այդ պահը»:

Տան փոքրիկ անդամը՝ 2-ամյա Աննա Մարիան, թեև այլ երեխաների հետ շատ չի շփվում, եղբորը ընդունել է մեծ ոգևորությամբ ու հաճելիորեն զարմացրել ծնողներին: