«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեացավ «Իմ Խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ ռեժիսորը՝ Շավարշ Վարդանյանը, օգտագործել է իր արխիվից վավերագրական կադրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:

Ֆիլմը պատմում է 1991-1992 թթ․ Արցախյան պատերազմում ազատագրական պայքար մղած հայ մարդու մասին: Պատմության ֆոնին ձևավորվում է մեկ այլ պատմություն՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի կնոջ՝ Սոնայի միջև։ Նրանց սիրո պատմությունն իր դժվարություններով զարգանում է պատերազմի ֆոնին։

Tert.am Life-ը ներկա է եղել «Իմ Խաչը» ֆիլմի պրեմիերային։  Մինչ ֆիլմի ցուցադրումը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ֆիլմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանը պատմեց․  «Պատերազմի տարիներին ինքս Արցախում եմ եղել։ 1988 թվականին գնալով Ղարաբաղ` ես 4 տարի մնացել եմ այնտեղ, նկարահանումներ եմ իրականցրել և մարտական շատ կադրեր ունեմ, որոնք պատմում են մեր հերոս տղաների մասին։ Իմ նպատակը դա էր՝ ոչ թե զենքով, այլ տեսախցիկով պայքարել, ու դա անել եկող սերունդների համար։ Ես հպարտ եմ, որ իմ նկարահանած կադրերը այսօր օգտագործում են տարբեր ֆիլմերում, հաղորդումներում։ Ես վիրավորվել եմ, 5 տեսախցիկ եմ կորցրել, բայց կարողացել եմ շատ կադրեր  փրկել՝ 1200 ժամ։ Մի քանի վավերագրական ֆիլմից հետո, որոշեցի վերցնել ոչ թե գրիչը, այլ մատիտը, որովհետև թուղթն ափսոսում էի, իսկ համակարգիչ չունեի և սկսեցի գրել սցենար,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ դա շատ վաղուց էր,- Ֆինանսներ չլինելու պատճառով ֆիլմի գործերը անընդհատ հետ էին ընկնում, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ամեն դեպքում, համաձայնությունը տվեց թողարկել ֆիլմը»։  

Ֆիլմի նկարահանման գործընթացը սկսվել է դեռ 2014 թվականին։ Այս տարիների ընթացքում շատ բաներ են փոխվել, շատ դժվարություններ են ունեցել, սակայն, ըստ պրոդյուսեր Հրաչյա Մեսրոպյանի, իրենք որոշել էին չխոսել խնդիրներից և ֆիլմն իր ավարտուն տեսքով ներկայացնել լսարանին․ «2014 թվականին մեկնարկեց «Երկար վերադարձ» աշխատանքային վերնագրով ֆիլմի նկարահանումները։ Այս ընթացքում մենք փորձում էինք հնարավորինս քիչ խոսել ֆիլմի և ընթացիկ դժվարությունների մասին, քանի որ ուզում էինք այն դիտողին հասներ իր ավարտուն տեսքով։ Նկարահանման շատ ծանր պրոցես ենք ունեցել, երկար աշխատանքների արդյունքում ունեցանք մի գեղեցիկ ֆիլմ, որի համար վերջնական ընտրեցինք «Իմ Խաչը» անունը»։

Ավելին՝ այստեղ