Դիետելոգների կարծիքով նախաճաշը յուրաքանչյուր մարդու օրվա սկզբի անբաժանելի մասը պետք է լինի: Այսպիսի համոզման են նաև բժիշկների մեծ մասը: Իսկ ինչ հատուկ բան կա առավոտյան ուտելու մեջ և ինչու է խորհուրդ տրվում չհրաժարվել նախաճաշից` անկախ սեռից ու տարիքից:

Նախաճաշի օգտակարությունը

Առավոտյան օրգանիզմի էներգետիկ պաշարը նվազում է, քանի որ մոտավորապես 8 ժամ այն սնունդ ու ջուր չի ստացել: Օրգանիզմի ակտիվությունը վերականգնել այս դեպքում, իհարկե, նախաճաշը կօգնի: Այն բարձրացնում է աշխատունակությունը, մտավոր ակտիվությունը, կենսական ուժն ու տրամադրությունը:

Առավոտյան նախաճաշելը նաև գործունեության արդյունավետությունն է մոտ 3 անգամ բարձրացնում, նպաստում է արագ մտապահմանն ու ուշադրության կենտրոնացմանը:

Շատերը հրաժարվում են նախաճաշից ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, սակայն նման մոտեցումը միայն խորացնում է խնդիրը: Մարդկանց մեջ, ովքեր սովոր են առավոտները նախաճաշել, նյութափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Ճիշտ նախաճաշն օգնում է օրգանիզմին մաքսիմալ արդյունավետ պայքարել օրվա ընթացքում ստացված կալորիաների դեմ:

Ճիշտ նախաճաշի առանձնահատկությունները

Ինչպիսի կալորիականություն էլ որ ունենա նախաճաշը, այն համարյա ոչ մի ազդեցություն չի թողնում մարմնի կազմվածքի վրա, քանի որ այս շրջանում նյութափոխանակությունն ինտենսիվ է, կերակուրից ստացված էներգիան էլ ամբողջությամբ ծախսվում է: Եվ չնայած դրան` դիետոլոգները խորհուրդ են տալիս օրը սպիտակուցներով ու ածխաջրերով հարուստ սննդով սկսել:

Նախաճաշը պետք է սննդարար լինի, բայց ոչ ծանր: Նախաճաշի համար իդեալական տարբերակներ են հացը, պանիրը, բանջարեղենն ու մրգերը, ձուն, հավի միսը, կեֆիրը, յոգուրդը, կաթնաշոռը: Օգտակար են նաև հնդկաձավարի ու բրնձի շիլաները, վարսակի փաթիլները: Վերջինս ցանկալի է պատրաստել առանց շաքարի ու յուղազրկված կաթով: Իսկ ահա պահածոյացված մթերքից, քաղցրավենիքից լավ է հրաժարվել: