Մարիաննա Քոքչյանին, բացի մտերիմներից, մնացած բոլորը ճանաչում են Ինստագրամի Wing 21 կեղծանվամբ։ Ինստագրամից հայտնի դարձած Մարիաննան, որը ներկայումս ամենաակտիվ բլոգերներից մեկն է, ավելի ուշ սկսեց համագործակցել նաև հեռուստաընկերությունների հետ՝ նկարահանվելով Out Dance սիթքոմում, ապա հանդես գալով որպես հաղորդավարուհի։ Wing-ը շուտով կրկին էկրանին կլինի․ նրան հեռուստադիտողները կտեսնեն արդեն հայտնի ձևաչափում՝ «ԱրմենիաTV»-ի եթերում։

Tert.am Life-ը Մարիաննայի հետ զրուցել է, որպես բլոգեր նրա եկամուտի, աննախադեպ հոնորարի, հայտնիության և հեռուստասերիալներում սկզբունքորեն չնկարահանվելու մասին։

Ավելի քան 100 000 հետևորդ ունենալու և որպես բլոգեր հաջողելու հիմքում Wing-ը տեսնում է աշխատանքային իր փորձը։ Նա ծիծաղելով նկատեց՝ 17 տարեկանում սուպերմարկետներում գովազդային ակցիաներ ներկայացնելն իզուր չի անցել, ըստ նրա, շնորհիվ այդ փորձի է, որ ինքը ներկայումս լավ գիտի՝ ինչպես է պետք համոզել ու շահեկան դիրքից ապրանք ներկայացնել։

«Շատ եմ կարևորում փորձը։ Երկու տարի սուպերմարկետներում ակցիաներ եմ ներկայացրել, և դա արել եմ սիրով։ Հիշում եմ, երբ առաջին անգամ սուպերմարկետում ակցիա ներկայացրի 17 տարեկան էի և  Ամանորի նախաշեմն էր։ Առաջին հոնորարս 24000 դրամ էր։ Կաթնամթերքներից մեկի ակցիան էի ներկայացնում և դրա համար ստացա 24000 դրամ՝ երջանիկ էի և առաջին նվերը տատիկիս համար առա։ Սա, իրականում, ինձ համար ամենաթանկ վաստակն է, որը, վստահ եմ, միշտ կհիշեմ։ Այդ ժամանակ ինձ համար այդ գումարը չեմ կարող ասել, թե ինչ էր և ինչ էի զգում, որ ինքս եմ վաստակել»,- ասաց Մարիաննան։

Նա հպարտությամբ նշեց՝ արդեն աշխատել է իր առաջին միլիոնը։ Թե որքան գումար է  Wing-ն աշխատում մեկ հրապարակմամբ՝ ասել չցանկացավ, փոխարենը սիրով պատախանեց հաջորդիվ հարցադրմանը՝ ո՞րն է եղել երբևէ իրեն առաջարկված ամենամեծ հոնորարը․ «Ինձ առաջարկված ամենաաննախադեպ հոնորարը եղել է 3 000 000 դրամ։ Չեմ կարող ասել, թե ինչ ապրանքանիշի հետ կապված, սակայն դա ամենաանսպասելին է եղել»։

24000 դրամ հոնորարից մինչև 3 000 000 դրամ եկամուտին հասնելու ճանապարհը, ըստ Wing-ի հեշտ չի եղել, սակայն մի կետից մյուսին հասնելու հաջողությունը նա կապում է առաջինն իր անկեղծության հետ։