Նախ՝ պետք է նշել, որ ոչ ոք ձեզ չի ստիպում թողնել սուրճ խմելը։ Ավելին՝ սուրճը կարող է նաև օգտակար լինել։ Սակայն եթե դուք կարծում եք, որ շատ եք սուրճ օգտագործում և ցանկանում եք նվազեցնել նրա քանակը, ապա պետք է իմանաք, թե ինչ է ձեզ սպասվում։

Միլիարդավոր մարդիկ ամեն օր սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ են օգտագործում։ Թեև կոֆեինի չափավոր օգտագործումը համարվում է օգտակար, այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կարծում են, որ հարկավոր է հրաժարվել նրանից։

Այսպես՝ ի՞նչ է ձեզ սպասվում սուրճից հրաժարվելու պարագայում.

Դուք կարող եք նիհարել

Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի, թեյի և գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնում է 10%-ով։ Անգամ եթե դուք հրաժարվեք քաղցրից և ճարպերից, ապա, միևնույն է, շաքարը և սերուցքը սուրճի կալորիականությունը կարող են բարձրացնել մինչև 200 կալորիա։ Եթե դուք հրաժարվեք շաքարից, ապա կարող եք կրճատել օրական օգտագործվող կալորիաների քանակը։

Գեղեցիկ ժպիտ

Սուրճը իր մեծ թթվայնության պատճառով ոչնչացնում է ատամների էմալը, ինչպես նաև ամեն անգամ «ներկում» է ատամները։ Նվազեցնելով օգտագործվող սուրճի քանակը՝ դուք կպաշտպանեք ձեր ատամները, ինչն էլ ավելի գեղեցիկ ժպիտ կպարգևի ձեզ։

Կդառնաք ավելի հանգիստ

Սուրճը բնական ճանապարհով բարձրացնում է ադրենալինի և սթրեսի հորմոնների մակարդակը։ Եթե կոֆեինը անհանգստություն կամ այլ տհաճ նախանշաններ է առաջացնում, ապա, ամենայն հավանականությամբ, սուրճից հրաժարվելու ժամանակն է։

Հակաօքսիդանտների պակաս կունենաք

Սուրճը համարվում է հակաօքսիդանտների ամենագլխավոր աղբյուրներից մեկը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3 բաժակ սուրճ ըմպելով դուք նվազեցնում եք մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ սկսած քաղցկեղից, վերջացրած Պարկինսոնի հիվանդությամբ։

Ցավոք սրտի, հրաժարվելով սուրճից՝ դուք ձեզ զրկում եք այդ ըմպելիքի մի շարք օգտակար հատկություններից։ Սակայն այդ հատկությունները կարող եք լրացնել թեյի, մրգերի և բանջարեղենի օգնությամբ։