«Գրիշա Աղախանյանի 50 երանգները». այս խորագիրն ունի շոումեն-դերասան Գրիշա Աղախանյանի առաջին «սթենդ ափ»-ը: Տարիներ շարունակ այս ժանրով ներկայանալու ցանկությունը նրա կյանքում իրականություն դարձավ միայն այն ժամանակ, երբ հատեց 50-ի սահմանագիծը:

Tert.am Life-ը ներկա է եղել «սթենդ ափ»-ի պրեմիերային և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։

Տարիքի ու տարիների մասին այս դեպքում խոսելն ավելորդ չէ. «սթենդ ափ»-ի հիմքում ընկած էր դերասանի անցած 50 տարին: Ինքնակենսագրականը դերասանը որոշել էր ներկայացնել ինքնահեգնանքի միջոցով: Առանցքում տարիքն է, որի համատեքստում դերասանն անդրադարձավ նաև իր ու կնոջ տարիքային տարբերությանը՝ 23 տարի: Նրանց կյանքում հումորային իրավիճակների պակաս չի լինում՝ հաշվի առնելով, որ, ըստ Գրիշայի, իրենք տարբեր լեզուներով են խոսում: «Իմ առաջին տղան երկրորդ կնոջիցս մեծ է»,- բեմից նկատեց նա, ապա պարզաբանեց, թե ինչու է որոշել ամուսնանալ երկրորդ անգամ: Ասում է՝ առաջին անգամ ամուսնացել է դեռ խորհրդային տարիներին ու կորցրել անկախությունը, նորանկախ Հայաստանում կրկին ձեռք է բերել անկախություն, բայց տարիներ անց, որոշել է մեկ անգամ էլ կորցնել անկախությունը։