Խնդրահարույց կանայք

Ցանկացած խնդիր՝ նույնիսկ ամենափոքրերը, նա բարդում է տղամարդու վրա։ Սկզբում տղամարդը փորձում է օգնել նրան ամեն ինչում, բայց հենց գործը հասնում է նրան, որ պետք է ամեն օր աղջկա սիրելի կատվին զբոսնելու տանի ու ինչ-որ ներարկումներ անի նրան կամ էլ նրա մայրիկին դիմավորի ֆիթնեսից հետո, տղամարդն այլեւս չի դիմանում։

Տղամարդն ասպետ է, այլ ոչ թե բանող անասուն, որի վրա կարելի է բարդել բոլոր հոգսերն ու խնդիրները։ Եթե այդպես վերաբերվեք տղամարդուն, կարող եք պարզապես մենակ մնալ։ Ոչ մեկին պետք չեն խնդրահարույց կանայք։ Բավական է ձեզ անօգնական երեխայի նման պահեք, սովորեք ինքնուրույն կարգավորել ձեր խնդիրները։

Ամուսնանալու մոլուցքով տառապող կանայք

Եվս մեկ պատճառ, որը վանում է տղամարդուն, կանանց ամուսնանալու մոլուցքն է։ Հասկանալի է, որ մայրը, ընկերուհիները, հարեւաններն անընդհատ տանջում են՝ հարցնելով, թե երբ ես ամուսնանալու, բայց եւ այնպես պետք չէ դա կյանքի նպատակ դարձնել։ Նման ամուսնություններն ավարտվում են վաղ հղիություններով ու հետագա ապահարզաններով։ Իսկ ո՞ւմ է դա պետք։ 

Եթե նույնիսկ շատ եք ուզում ամուսնանալ, բացահայտ ցույց մի տվեք դա։ Առավել եւս, որ ամուսնանալու մոլուցքից դրդված՝ աղջիկները հաճախ անտեսում են տղամարդու բոլոր սխալ արարքները՝ վախենալով որեւէ պահանջ ներկայացնել կամ դժգոհություն արտահայտել, որպեսզի հանկարծ չկորցնի տղամարդուն։ Արդյունքում նման աղջիկը կամ մենակ է մնում, քանի որ նորմալ տղամարդիկ վախենում են նման մոլուցքից, կամ էլ ամուսնանում որեւէ թափթփուկի հետ, ինչն ավելի վատ է, քան մենակ մնալը։ 

Չափազանց ռոմանտիկ կանայք

Նա ապրում է կինոյի կերպարներով, որտեղ տղամարդիկ սերենադներ են երգում իրենց սիրեցյալներին, միլիոնավոր կարմիր վարդեր ուղարկում տուն ու ամուսնության առաջարկություն անում Փարիզում՝ Էյֆելյան աշտարակում։ Իսկ նրա տղամարդը նույնիսկ ծաղիկներ չի նվիրում, իսկական սրիկա է։

Այդ կինո- կերպարներով նման կանայք վանում են պոտենցիալ փեսացուներին, սպասելով սպիտակ նժույգով արքայազնին, ավելի ճիշտ սիրամարգին, որը ընդամենը թոզ է փչում բոլորի աչքերին ու դեռ հարցական է, թե ինչպիսի ամուսին կլինի։ Չէ՞ որ այդ բոլոր ռոմանտիկ հնարքները հիմնականում բնորոշ են արկածախնդիր տղամարդկանց, այլ ոչ թե պարկեշտներին։ Սովորական տղամարդիկ իրականում այնքան էլ ռոմանտիկ չեն։

Ընտանեկան հոգսեր «համտեսած» կանայք

Նա դեռ ամուսնացած չի եղել, բայց արդեն հասցրել է իր մաշկի վրա զգալ կենցաղի ու ընտանեկան կյանքի ամբողջ հմայքը։ Գուցե նա եղել է բազմազավակ ընտանիքի ավագ երեխան ու ստիպված է եղել միշտ պատասխանատվություն կրել կրտսերների համար։ Կամ էլ քույր- եղբայրներն են նրա խնամքին թողել իրենց երեխաներին ու ամբողջ ազատ ժամանակը նա դայակի կամ մայրիկի դեր է կատարել։

Իսկ հիմա նա սրտխառնոց է զգում միայն այն մտքից, որ այդ ամենը նորից է կրկնվելու իր կյանքում։ Նրա համար ամուսնությունն ասոցացվում է կենցաղի հետ, դրա համար էլ նա ամենեւին չի շտապում ամուսնանալ։

Քնած գեղեցկուհի

Նա գիտի, որ ամուսնանալու մոլուցքով տառապողների հետ տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ, դրա համար հակառակ վարքագիծն է որդեգրել։ Նա ծանոթանալու ոչ մի փորձ չի անում, երբեք չի նախաձեռնում հանդիպումներ, կամ զանգեր։ Նա վստահ է, որ տղամարդը պետք է ինքն անի այդ ամենը, դրա համար էլ ձեռքները ծալած նստում ու սպասում է, թե երբ է երջանկությունն այցելելու իրեն։ Բայց այդ երջանկությունը չի այցելում, քանի որ եթե ուզում ես քո կյանքում որեւէ բան տեղի ունենա, պետք է դրա համար որեւէ քայլ անես։ Պետք չէ փաթաթվել տղամարդկանց վզին, բայցեւ կատարյալ անտարբերություն ցույց տալն էլ լավագույն տարբերակը չէ։ Ոչ մեկին հետաքրքիր չեն անհոգի տիկնիկները, որոնք ունակ չեն նախաձեռնություն ցուցաբերել։