Հղիության ընթացքում սեքսով զբաղվել կարելի է, նույնիսկ` ցանկալի: Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ընկերքի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով:

Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին և նրան «թաքցրել» մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջնային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը: Հղիության ընթացքում սեռական կյանքի հաճախականությունն անհատական բնույթ է կրում:

Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են` ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկացմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վզիկի հեշտ բացվելուն:

Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարել ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները:

Պետք է նշել, որ հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեռական ակտիվության եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեռական ակտիվության աճ, ընդ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեռական ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել մերձեցումների հաճախականությունը նվազեցնելուն, ինչպես նաեւ դիրքերը փոփոխելուն: