Տեղեկատվություն կա, որ Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած տեսանյութին, որտեղ Ասյա Խաչատրյանը պատմում  է, որ Արցախի ոստիկանները բռնություն են կիրառել իր դեմ:

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ, որ այդ հարցում անձամբ ես թերացել եմ, որովհետև ժամանակին ասվել է, ցավոք, մենք դա չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թիֆլիս իր հաճախ այցերի ժամանակ, մեր այսպես կոչված ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով միշտ ավելի հեշտ է անցնել Ադրբեջան` առանց անձնագրի մեջ հստակ նշումների, և այդ նշումները, ցավոք սրտի, չկան: Եվ անակնկալ այցը Արցախ… Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը, այնտեղ միջադեպը միանգամայն այլ բնույթ է ունեցել: Արցախի նախագահի հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ ուշադիր ամեն ինչ ուսումնասիրել և հետևել, թե ինչ նպատակներով է այդ աղջիկը նախ մի քանի անգամ այցելել Վրաստանից Ադրբեջան, արդյոք գտնվո՞ւմ է  նրանց համապատասխան ծառայության ուշադրության կենտրոնում»,- նշեց Իսագուլյանը:

Բանախոսը նաև ընդգծեց՝ պետք չէ զարմանալ, որ Արցախում հայտնված ցանկացած մեկը, ով իրեն վուլգար է պահում, կարող է ուշադրության արժանանալ. «Արցախը գտնվում է պատերազմի մեջ, և Արցախում ցանկացած մեկի հայտնվելը, այն էլ` երբ նա իրեն շատ վուլգար է պահում, պետք է անպայման արժանանա ուշադրության… Հիմա ես ուզում եմ, որ ուսումնասիրեք, չի կարելի ոչ ճիշտ տեղեկատվություն տալ մամուլին, հանդես գալ որպես տուժող կողմ, ամբողջ Հայաստանը խառնել իրար ու Արցախը վարկաբեկել այն դեպքում, երբ կարևոր իրրադարձություններ են տեղի ունենում»:

epress.am-ի տեսանյութում. Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապրում էր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը։

Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։

Մանրամասները՝ տեսանյութում