Կան ֆիլմեր, որոնք ստիպում են երկար մտածել, կան ֆիլմեր, որոնք ստիպում են երազել եւ կան ֆիլմեր, որոնք կարելի է պարզապես դիտել, զվարճանալ եւ մոռանալ։ Կան ֆիլմեր, որոնք կանանց համար են եւ պարտադիր չէ, որ դրանք լինեն սիրո մասին։ Դրանք անկանխատեսելի են՝ ինչպես գեղեցիկ սեռը։

Wnews.am-ը ներկայացնում է այն տասը ֆիլմերը, որոնք պետք է դիտի ցանկացած կին։ Հնարավոր է, մի օր այս ֆիլմերից մեկում հնչած միտքը փոխի ձեր կյանքը։

«Կյանքը վարդագույնի մեջ»

պիաֆ

Այն շատ խորը կենսագրական ֆիլմ է ֆրանսուհի դիվա Էդիտ Պիաֆի մասին, ում կյանքը նման էր ապրելու իրավունքի պայքարի։ Ֆիլմը շեդեւր է դարձել, որովհետեւ վարպետորեն նկարագրում է փարիզյան մթնոլորտը, որը ռոմանտիկ ու քաղցր է թվում նրանց համար, ովքեր այն լավ չեն ճանաչում։

«Մոնա Լիզայի ժպիտը»

մոնա

Ֆիլմը սովորեցնում է արժանապատվություն, նպատակասլացություն։ Այն ապացուցում է, թե որքան կարեւոր է մտածել սեփական գլխով։

Այն ոչ թե ֆեմինիստական է, այլ թեթեւ ու բազմակողմանի, ինչպես կանացի ներքին ձայնը։

«Սատանան կրում է Պրադա»

պրադա

Նորաձեւության աշխարհը, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն դրա հետ մեկտեղ՝ դաժան։ Ցանկացած մանրուք եւ դուք արդեն Օլիմպուսի ստորոտում եք։ Ֆիլմը կոմեդիա է եւ դրամա։ Այն թեթեւ է, միեւնույն ժամանակ՝ հաճելի։

«Փոփոխությունների ճանապարհը»

դոր

Թվում է, թե ինչը կարող է հանդիսատեսին ստիպել հետաքրքրությամբ դիտել ԱՄՆ-ում քսաներորդ դարի ընտանեկան զույգի մասին պատմող  ֆիլմը, սակայն արդեն ֆիլմի վերջում հասկանում եք, որ չեք կարող հեռանալ էկրաններից, քանի որ պատմությունը նաեւ ձեզ կարող է վերաբերվել։ Հարաբերություններում ճգնաժամ ապրող զույգը որոշում է անելանելի իրավիճակից դուրս գալ Փարիզ տեղափոխվելով, սակայն ինքդ քեզնից չես փախչի. եթե ներսումդ դատարկ է, ապա որտեղ էլ լինեք, ում հետ էլ լինեք,  մելամաղձությունը չի լքի ձեզ։

«Էրին Բրոկովիչ»

էրին

Էրին Բրոկովիչի պատմությունը ուժեղ եւ միեւնույն ժամանակ թույլ կնոջ մասին է։ Պարզապես հանգամանքների բերումով Էրինի համար թուլությունները անթույլատրելի ճոխություն են։ Հնարավոր է, նա ամենեւին էլ տաղանդ չէ, սակայն համառությունն ու մյուսների ճակատագրի հանդեպ ուշադրությունը նրան թույլ են տալիս անհնարինը։

Երբ թեւաթափ եք լինում, պարզապես կրկին դիտեք այս ֆիլմը. այն հիասքանչ է։

«Ֆրիդա»

ֆրիդա

Վառ ֆիլմ վառ կնոջ մասին։ Ֆրիդան քսան տարեկան էր, երբ ամուսնացավ Մեքսիկայի ամենահեղինակավոր նկարիչ Դիեգո Ռիվերուի հետ։ Նրա ամուսինը երիտասարդ չէ, հարուստ է եւ անբարոյական։ Ֆիլմը ոչ միայն պատմում է  Ֆրիդա նկարչուհու, այլ նաեւ մի կնոջ մասին, ում համար առաջին տեղում սերն ու ընտանիքն է։

«Կեր, աղոթիր, սիրիր»

կեր

Գրքի հիման վրա նկարահանված այս ֆիլմը դեպրեսիայի դեմ պարզ բաղադրատոմս է. ընտրեք Ի տառով սկսվող երեք երկրներն ու անհապաղ մեկնեք ճանապարհորդության, որտեղ կսկսեք ճանաչել ինքներդ ձեզ։ Գլխավոր հերոսուհուն դա հաջողվել է, ժամանակն է նաեւ ձեր պատմության։

«Այնտեղ, որտեղ  սիրտն է»

իրտ

Զարմանալի ֆիլմ սիրո, ամենաթողության եւ ընկերության մասին։ Թվում է, թե ֆիլմը տրամաբանական պատմություն է. հղի կնոջը լքում է ընկերը, սակայն կյանքն այնքան էլ վատը չէ։ Պարզապես պետք է առաջ գնալ, չհիշել չարը, օգնել մարդկանց եւ ուրախանալ կյանքով։ Մենք սա հազար անգամ ենք լսել, բայց հենց դա է երջանկության տանող բանալին։

«Ջիա»

ջիա

Եթե ֆիլմը մեկ բառով նկարագրենք, ապա այն հիասքանչ է։ Հանդիսատեսին ցուցադրվում է մոդելային կարիերայի դաժանությունը։ Թվում է, թե ինչը կարող է շքեղ լինել մի կյանքից, որը լի է ֆոտոսեսիաներով, հանդիպումներով, նորաձեւության ցուցադրություններով… Հենց այստեղ էլ մեզ ցուցադրվում է մոդելային կյանքի «շքեղությունը»։ Անջելինա Ջոլին իսկապես հոյակապ է մարմնավորում գլխավո հերոսուհուն՝ հայտնի մոդել Ջիային։

«Կոկո Շանել»

կոկո

Ֆիլմը ուժեղ կնոջ մասին է, ով չի վախենում հասարակությանը մարտահրավեր նետել իր դատողություններով, նեղ կորսետներով, կառնավալային զգեստներով եւ բեզե-գլխարկներով։ Ոմանք ասում են, որ այն ձանձրալի է, սակայն ավելի շուտ այն դանդաղ է ընթանում, երբեմն էլ՝ մտքի արագությամբ։ Դե իսկ Շանելի կերպարը մարմնավորող Օդրի Տոտուն անգերազանցելի է։