Օրերս Հայաստանում էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին:  Aysor.am-ը գրում է, որ երգչուհու՝ Հայաստան այցելության հիմնական պատճառը մայրիկի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր:

«Այս տարի մայրիկիս ծննդյան կապակցությամբ «Դո ռե մի» դպրոցի համար, որի ղեկավարն արդեն ես եմ, ԱՄՆ-ից վոկալի պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ հրավիրել: Մեր դպրոցում երեխաները ոչ միայն կսովորեն բեմական խոսք ու վոկալ, այլև կտիրապետեն երաժշտական տարբեր գործիքների: Տնային աշխատանքները միայնակ կատարելու հարցում դժվարություններ ունեցող երեխաների համար էլ ունենք դասապատրաստման ժամեր, որոնց ընթացքում ռուսերենի, անգլերենի և հայերենի հրաշալի մասնագետներ կպարապեն երեխաների հետ: Այսկերպ, մայրիկների հոգսը մի քիչ թեթևացրել ենք, երեխաներն էլ չեն մտածի, որ վոկալի դասերից հետո իրենց տնային աշխատանքները չեն հասցնելու», – պատմել է Էմմին:

Երևան մեծ տղայի հետ է եկել, փոքրը հայրիկի մոտ է, նրան վստահել է հայրիկին, տատիկին, պապիկին ու հորեղբորը:
Ընտանիքում հայերեն են խոսում:
Ամուսինը հայ է, ավելին՝ հայաստանցի: Չի սիրում լինել ուշադրության կենտրոնում:

Դա է իր ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառը: ինքն էլ հարգում է ամուսնու որոշումը…

Նա երբեք արգելք չի հանդիսանում իր բեմական գործունեությանը:

Ներկա պահի որոշակի պասիվությունը պայմանավորված է իր ընտրությամբ, ուզում է տեսնել իր երեխաների առաջին քայլը՝ լինի խոսելու, քայլելու, թե մեկ այլ պարագայում: Հիմա, երբ երկուսն էլ արդեն դպրոց են գնում, սկսել է իր մասնագիտությանն ուշադրություն դարձնել: Կվերադառնա իր աշխատանքին…