Հոկտեմբերի 29-ին և 30-ին Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:

Սա Մշակույթի նախարարության և Unity Production-ի համատեղ նախագիծն է, իսկ հեղինակներից մեկն էլ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն է, ում խոսքով, նախապես պլանավորված համերգ էր և հուսով էին, որ Ազնավուրը պետք է ներկա լիներ, ինչպես դա եղել էր 2017-ին, երբ  հայ երգիչ-երգչուհիները ելույթ էին ունենում  նաև դահլիճում գտնվող Ազնավուրի համար:

Նոր համերգային ծրագրում նախատեսվում է  Իվետա Մուկուչյանի, Սոնա Ռուբենյանի, Մաշա Մնջոյանի, Գոռ Սուջյանի, Էրիկի և այլոց ելույթները:  Ըստ կազմակերպիչների՝ հյուրեր կլինեն նաև արտերկրից, սակայն նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։

Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։