Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում ներկայացրած մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը միջազգային գեղեցկության ստուգատեսին ճանաչվել է «2-րդ վիցե միսս ԱՊՀ»: Միջազգային ստուգատեսն այս տարի անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այն նվիրված է եղել Աստանայի հոբելյանին: Մրցույթին մասնակցել է 18-25 տարեկան 19 գեղեցկուհի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազասխստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում:  «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։ Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթի եզրափակչին ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների դեսպաններ, պաշտոնատար անձինք: Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն էլ՝ դեսպան Արա Սահակյանի նախաձեռնությամբ, մրցութային օրերին մասնակիցների համար կազմակերպել էր ընդունելություն:

Ըստ Նաիրի Մնացականյանի՝ միջոցառումն, ընդհանուր առմամբ, շատ լավ է անցել: Իհարկե, նախորդ տարի Հայաստանում կազմակերպված ստուգատեսի մակարդակն ավելի բարձր էր, սակայն ղազախական կողմը փորձել է ամեն ինչ անել հավուր պատշաճի: «ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից:

Նաիրի Մնացականյանի խոսքով՝ մրցույթը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս տարի ևս գեղեցկության մրցույթի եզրափակիչը լուսաբանել են հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար մեկնել էին Ղազախստան: Բացի բուն մրցույթից, մասնակիցները հնարավորություն են ստացել բացահայտելու Աստանան, այցելել տարբեր մշակութային վայրեր:

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում:

Հաջորդ՝ «ՄԻՍՍ ԱՊՀ 2019»-ի եզրափակիչն անցկացվելու է Հայաստանում: