Նախաճաշը սննդի ընդունման տեսակետից շատ կարեւոր է եւ այն անտեսելը կամ բաց թողելը ծայրաստիճան անցանկալի է, համարում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Սակայն ինչ սննդամթերք պետք է պարունակի լավ նախաճաշը:

Դիետոլոգի խոսքով, շատերը վստահ են, որ առավոտյան ինչ էլ ուտես՝ լավ կմարսվի ու չի ազդի գոտկատեղի հաստության վրա, դրա համար էլ ուտում են տորթեր ու քաղցավենիք: Սակայն դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ այդ մթերքները օրգանիզմին որեւէ վիտամին ու սննդարար նյութ չեն տալիս, միայն շաքար ու «դատարկ» կալորիաներ: Տորթերով նախաճաշելուց հետո դուք շատ շուտով նորից ուտելու ցանկություն կզգաք, քանի որ տորթը պարունակում է շատ «արագ» ածխաջրածիններ, որոնք կայծակնային արագությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Դրա հետեւանքով նման նախաճաշից հետո Դուք օրվա ընթացքում ավելի շատ կալորիա կուտեք, քան եթե նորմալ առողջ նախաճաշով օրը սկսեիք:

Սխալ է նաեւ առավոտյան քաղցած ստամոքսին սուրճ խմելն ու աշխատանքի գնալը, համարում է դիետոլոգը:

Լավ նախաճաշը, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով, պետք է օրգանիզմին ամբողջ օրվա համար էներգիա տա: Նման նախաճաշ կարող են լինել զանազան շիլաները, օրինակ վարսակաշիլան կամ հնդկաձավարով շիլան: Ամռանը դրանց մեջ կարելի է մրգեր կամ հատապտուղներ հավելել, որոնք ավելի համեղ ու օգտակար կդարձնեն դրանք:

Լավ ու միաժամանակ մատչելի նախաճաշ են համարվում հավկիթն ու կաթնամթերքը՝ կաթնաշոռը, մացունը, կաթը: Կաթնամթերքը որպես կալցիումի աղբյուր շատ կարեւոր է հատկապես երեխաների համար: Նախաճաշին մսից ցանկացած կերակրատեսակ ուտելու դեպքում ամբողջ օրվա ըթնացքում էներգիայի, նաեւ սպիտակուցների պաշար կունենաք, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար:

Դիետոլոգը նշեց, որ վատ չի լինի նախաճաշին ուտել նախորդ օրվա ճաշից մնացած կերակուրը: Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, բայց մասնագետի խոսքով նախորդ օրվա ճաշը շատ ավելի օգտակար ու ճիշտ նախաճաշ է, քան պարզապես սուրճն ու քաղցրավենիքը: