Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին և ընթացող բողոքի ցույցերին:

Թանկյանը, մասնավորապես, գրել է.

«Հայաստանում կառավարության և կառավարվողների միջև պայմանագիրը երկար ժամանակ է ինչ խախտված է և հույսին փոխարինել է դատարկությունը: Բոլոր գլխավոր ընտրություններում քաղաքացիների ձայները վաճառվում են 20 դոլարից պակաս գումարով: Ես գնահատում եմ, որ բողոքի ցույցերը խաղաղ են, քանի որ նոր թևավորվող այս հանրապետությունը չի կարող իրեն ևս մեկ արյունահեղություն թույլ տալ: Այս երկիրը չի գիտակցի իր ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար:

Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ զենքերից էր: Իմ սիրտն ու սերը` բոլոր նրանց հետ է Հայաստանում, ովքեր պայքարում են հանուն բարգավաճ ապագայի»,- գրել է Թանկյանը: