Ըստ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախնական տվյալների` ձայների 99,75%-ը մշակելուց հետո գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել  է  ձայների ավելի քան 76,67%-ը: Երկրոդ տեղում է Պավել Գրուդինինը` 11,79% ձայներով, երրորդում` Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

Մարտի 18-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մանեժի հրապարակում շնորհակալություն էր հայտնել իր կողմնակիցներին ու նախընտրական շտաբի կամավորներին աջակցության համար: Նրա խոսքով` քվեարկության արդյունքներում ինքը  տեսնում է «վստահություն և  հույս»` հետագայում  էլ ավելի  պատասխանատու աշխատանքի համար:

Ուշագրավ էր նաև գործող նախագահի ճեպազրույցի ժամանակ նրա պատասխանները Սկրիպալի, Ռուսաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման մասին և այլ հարցերի:

Ինչ  վերաբերում է սահմանադրական հանրաքվեին և իշխանության ճյուղերի միջև իրավասությունների բաշխմանը, ապա, նախագահի խոսքով, «առայժմ» ոչ մի  նման բան չի նախատեսվում:

Սակայն ո՞վ գիտե, թե ինչ կլինի երեք-չորս տարուց, երբ Ռուսաստանի  նախագահը ակամայից կհայտնվի «կաղ բադի» վիճակում:

Ի դեպ,  Պուտինին հարց էին ուղղել, թե արդյոք չի՞ նախատեսում  մասնակցել 2030 թվականի ընտրություններին: Նախագահը, ի դեպ, բացարձակ չի զարմացել, թեև  հարցը ծիծաղելի  է համարել ու այսպես պատասխանել. «Ոչ: Ի՞նչ է, մինչև 100 տարին պետք է այստեղ նստած  մնամ», թեև 2030-ին Պուտինը կլինի ընդամենը 78 տարեկան: